NEWS.am-ը կրկին ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչներից։ Այս անգամ էլ գյուղի դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանն ուսուցիչներին ստիպում է գալ Երեւան եւ մասնակցել Նիկոլ Փաշինյանի՝ ժամը 20։00–ին նախատեսված  հանրահավաքին։

«Տնօրենը 3 տարի է՝ ուսուցչական կոլեկտիվին լարված է պահում։ 2 օր առաջ գնացել է մարզկենտրոն, եկել ու կպել է կոլեկտիվի գլխին։ Այսօր  բոլորին հավաքել է, թե պետք է գնանք, միայն մենք չէ, ամբողջ մարզից գնալու են պարտավոր ենք ներկա լինել, ներկա-բացակա է արվելու, մենք մոտենալու ենք անձամբ մարզպետին», – պատմում է մեզ դիմած քաղաքացին եւ հավելում, որ տնօրենը նաեւ սպառնացել է, պարտադրել, որ անպայման ներկա լինեն Հանրապետության հրապարակում։

«Չի ասել, թե կազատի աշխատանքից, բայց շատ վատ է վերաբերվում․ քիչ ժամեր է տալիս, արհամարհում է։ Կողքից ասել են, որ տնօրենն ասել է՝ «տակտիչնի» քթից բերելու եմ, այնքան քիչ ժամ կգրեմ, որ դիմում կգրեն, դուրս կգան։ Երեխաները մականունը դրել են Նիկոլ, հետեւից գոռալով ման են գալիս։ Մարդիկ կան, որ զզված դուրս են եկել աշխատանքից», –նշում է գյուղի բնակիչը։