Ընտրությունների վերահսկման կոմիտեի կողմից համացանցում տարածված՝ «Ոստիկանությունում տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. Ահազանգ» վերտառությամբ գրառման կապակցությամբ կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Լինելով պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավոր՝ ոստիկանությունը գործում է օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

Հորդորում ենք քաղաքացիներին և կազմակերպություններին՝ զերծ մնալ ոստիկանության կողմից իր լիազորությունների շրջանակներում կայացված որոշումները քաղաքական շահարկման առարկա դարձնելուց։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու նպատակով ներկայացված բոլոր դիմումները քննարկվել են բացառապես «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերի շրջանակներում:

Դիմումատուներին ընտրությունների լրացուցիչ ցուցակներում ներառելու կամ մերժելու մասին որոշումները կայացվել են՝ հաշվի առնելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը, բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և ընտրելու իրավունքի՝ օրենքով սահմանված պահանջներին բավարարելու հանգամանքները։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում յուրաքանչյուր դիմում ուսումնասիրվել է անհատական կարգով և որոշում կայացվել է բացառապես առկա փաստական հանգամանքների շրջանակներում։

Որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում դիմումատուներն իրավունք ունեն դրանք բողոքարկել դատական կարգով, որի արդյունքում ընդունված դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման։