Հունիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում նույն դեպքի վերաբերյալ երկու տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր ստացվեցին։ Մարմնի ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ էին բուժօգնության դիմել։ Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում նրանց դանակահարել էին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողները չէին ճանաչում իրենց մարմնական վնասվածք պատճառողին։ Նրա հետ պատահաբար էին վեճի բռնվել։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց, և հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Բաժնի քրեական հետախույզները և ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ տուժողներին դանակահարել էր Մանանդյան փողոցի մի անչափահաս բնակիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց կատարածը։

Հանգամանքները պարզվում են։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։