Տասնյակ կրիաներ եւ դելֆիններ են մահացել Շրի Լանկայի ափերի մոտ բեռնանավի վրա հրդեհի հետեւանքով քիմիական թունավորումից, հայտնում է AFP-ն:

MV X-Press Pearl բեռնարկղային նավը հունիսի սկզբին մասամբ խորտակվել էր կղզի-պետության ափերի մոտ այն բանից հետո, երբ տախտակամածին հրդեհի հետեւանքով տոննաներով պլաստիկե հումք էր ջուրը լցվել:

Վայրի բնության վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին շաբաթների ընթացքում երկրի արեւմտյան եւ հարավային ափեր են նետվել 48 սատկած կրիաներ եւ ութ դելֆիններ, ինչպես նաեւ՝ բազմաթիվ մանր ձկներ: Հրդեհից անմիջապես հետո մակերեսին նետված լեշերի վրա այրման ակնհայտ հետքեր են եղել:

Նախնական զեկույցները նաեւ ենթադրում են, որ վերջերս կրիաների մահվան պատճառ է դարձել քիմիական թունավորումը:

Իշխանությունները հետաքննում են նաեւ Ջաֆնա թերակղզու մոտ ինը մետրանոց կապույտ կետի մահը:

Այրված նավի մեջ եղել է 81 բեռնարկղ վտանգավոր քիմիական նյութեր, այդ թվում՝ 25 տոննա ազոտական թթու: Պաշտոնյաները հայտնել են, որ շուրջ 1200 տոննա պլաստմասե գնդիկ եւ լողափերից հավաքված այլ աղբ է պահվում ծովային 45 բեռնարկղերում:

Նրանք նախազգուշացրել են նաեւ «երկրում ամենասարսափելի ծովային աղետի» հետեւանքով միկրոպլաստիկ աղտոտման ազդեցության մասին:

Շրի Լանկան 40 միլիոն դոլարի չափով վնասի փոխհատուցում է պահանջում X-Press Feeders նավի օպերատորներից:

Բնապահպանները դատի են տվել կառավարությանը եւ X-Press Feeders-ին` աղետը չկանխելու համար:

Շրի Լանկայի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել նավապետի, նավի գլխավոր մեխանիկի եւ ավագ սպայի հանդեպ: