Սպորտի ոլորտում շատ գործեր կան կատարելու. Հանրապետությունում ունենք 170 մարզական դպրոց, որից միայն 24-ն է սպորտի նախարարության ղեկավարության տակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Այսինքն ոնց կարող է լինել, որ սպորտի նախարարությունը պատասխան տա մեդալների համար, բայց միայն 24 դպրոց իրավունք ունի նշանակելու, հետեւելու: Պետք է բոլոր դպրոցներն էլ լիարժեք ոչ թե ծանոթ-բարեկամով տնօրեն նշանակեն, դա պետք է նախարարության հսկողության տակ լինի:

Բացի այդ, պետության համար 170 դպրոցը թիվ չի: Ցանկացած բնակավայրում պետ է դպրոցներ լինեն, երեխաները պետք է պարապեն, որ մենք էլ հնարավորություն ունենանք ամբողջ հանրապետությունում ընտրելու այն երեխային, մարզիկին, որն ուժեղ է»,-ասաց Ծառուկյանը:

Նա նկատեց, որ այսօր մարզիչի աշխատավարձը 85 հազար դրամ է. «Մարզիչը ոնց կարող է առավոտից երեկո պարապի: Պարզ է, որ եթե մեդալներ բերի, Օլիմպիական կոմիտեն գումարներ տրամադրում է, բայց մինչեւ դա բոլոր հոգսերը Օլիմպիական կոմիտեի վրա չի: Օլիմպիական կոմիտեն հասարակական կազմակերպություն է, չի ֆինանսավորվում, դա մենք ենք ֆինանսավորում: Մենք մեկ տարվա ընթացքում դպրոցների վարձը չենք բարձրացրել, բայց դա պարտադիր է»,-ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: