Ո՞ր քաղաքակիրթ երկրում է ընդունված, որ վարչապետի թեկնածուն մուրճով վազվզի: Այս մասին Սեւան քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը արձանագրեց, որ «Հայաստան» դաշինքը ծրագրով է գնում ընտրությունների: Մրցակիցը (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը - խմբ.) զինվել է մուրճով եւ մուրճը ձեռքին վազվզում է: «Նույնիսկ եթե ինչ-որ մեկը չի ճանաչում նրան, բավական է նայելը: Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցները լռում: Քաղաքակիրթ ո՞ր երկրում է ընդունված, որ թեկնածուն մուրճով վազվզի: Նա նաեւ սիրում է խոսել Աստվածաշնչի մասին, բայց նաեւ դա է աղավաղում: Աստվածաշնչում այդպիսի բան կա՝ թուրը բարձրացնողը թրից կընկնի: Փոխում եմ դա՝ մուրճ բարձրացնողը մուրճից կընկնի: Նա պատասխան կտա որպես դավաճան: Նրա ձեռքում մուրճը խոսում է վախի եւ ենթագիտակցական ինքնապահպանման մասին: Վաղը նա կկանգնի պատմության եւ հայ ժողովրդի դատաստանի առջեւ: Հենց սա է սարսափեցնում նրան,եւ այդ պատճառով զինվում է: Թույլ չենք տա: Ժողովուրդը սխալվեց, բայց ես հավատում եմ նրա իմաստությանը»,- ընդգծեց Ռուստամյանը: