Մենք գալիս ենք իշխանության եւ խոսում ապագայի մասին: Հեռացող կառավարությունը խոսում է անցյալի մասին: Այս մասին Սեւան քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը ընդգծել է, որ երկիրը բախվել է լրջագույն խնդիրների հետ, որոնք կարելի է բաժանել երեք մասի՝ անվտանգության, տնտեսության եւ ներքին պատակտվածության ոլորտներում:

«Ընտրությունը պարզ է: Ընտրում ենք արժանի ապագա՞, թե՞ ծնկաչոք կյանք: Տնտեսական ա՞ճ, թե՞ ճգնաժամ, գաղթ, գործազրկություն եւ աղքատություն: Ներքին համերաշխությո՞ւն, թե՞ ատելություն ու թշնամանք: Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ մենք մերժում ենք ճգնաժամը, մերժում ենք ատելությունը, մերժում ենք ծնկաչոք կյանքը:

Եվ մենք գալիս ենք հաստատելու անվտանգություն, պաշտպանված սահմաններ, տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, գալիս ենք հաշտեցնելու հասարակությունը: Մենք պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը: Մենք գալիս ենք հույս ու հավատ, հայրենասիրություն, գիտելիքներ հաղորդելու: Մենք այլ հայրենիք չունենք: Իսկ հայրենիքը միայն հողը չէ: Այն հողն ու մարդիկ են: Քայլե՛նք միասին դեպի ուժեղ Հայաստան:

Առողջ եղեք, եւ ամեն բան լավ կլինի», - ներկաներին մաղթել է Ռոբերտ Քոչարյանը:

Սեւան քաղաքում կայացած հանրահավաքով «Հայաստան» դաշինքն ամփոփել է մարզերում հանդիպումների արդյունքները: Վաղը՝ հունիսի 18-ին, հանրահավաք է տեղի ունենալու Երեւանում: