Հիմնական քաղաքական ուժերն ասում են՝ Ծառուկյան ջան, եթե կարող ես դրսից գումար բերել, պետք է անպայման իշխանության լինես, նոր բերե՞ս: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Ազատության հրապարակում ԲՀԿ հանրահավաքի ժամանակ նշեց ԲՀԿ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես ասում եմ՝ ոչ, ես 20 մլրդ բերել եմ, չեն վերցրել: Բերել եմ 1 տոկոսով, 10 տարի ժամկետով: Տարեկան մեզ պետք է 3 մլրդ, որից մեկ միլիարդը փակենք վարկերը: 2 մլն կիլոգրամ գյուղատնտեսական արտադրանք արտահանելու դեպքում 7 մլն փող ենք ունենալու միայն գյուղատնտեսությունից»,-ասաց նա:

Ծառուկյանը խոսեց Երեւանում բնակարանաշինության մասին. «Ամեն մի վարչական շրջանում պետք է կառուցվի 140 քազար քմ բնակելի շենք երիտասարդ ընտանիքների համար: Ով կամուսնանա, կզագսավորվի, թող տան իրեն, առանց կանխավճարի, առանց տոկոսի, թող ամսական 70-80 հազար դրամ վճարեն»: Նա հավելեց, որ իրեն Երեւանում այդ հնարավորությունը չեն տվել, ինքն էլ Աբովյանում է կառուցել 20 շենք 3 ամսում:

ԲՀԿ առաջնորդը խոսեց նաեւ նախկինում իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին. «Ասում են՝ Ծառուկյանը իշխանության է եղել, կոալիցիա է կազմել: Այո, կոալիցիա կազմել ենք, բայց կոալիցիայում քո նախարարն ու մարզպետը ինքն ա ու մի հատ պորտֆել ունի, մի հատ էլ քարտուղար, լիարժեք որոշում կայացնելու, ծրագիր իրականացնելու իրավունք չունի: Դրա համար իմ ուզածն է, որ հնարավորությունը մերը լինի, որոշումն էլ կայացնենք, օրենքներ ընդունենք»:

Իր խոսքի վերջում նա խոսեց քրիստոնեական հավատից. «Թող Հիսուս Քրիստոսի օրհնությունը մեր ժողովրդի գլխին լինի, Աստված պահապան լինի, Աստված, Հիսուս Քրիստոսը մեզ անտեր չի թողնի»: