ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը չեն կարողացել լուծում գտնել «Ս-400»-ի հարցով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նա նշել է, որ կողմերը պարտավորվել են շարունակել երկխոսությունը այս հարցի շուրջ, եւ որ երկու երկրների թիմերն էլ հետեւելու են պարտավորվածությանը:

Նշենք, որ Բայդենի եւ Էրդողանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 14-ին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Չնայած երկու առաջնորդներն էլ հանդիպումը որակել են որպես «կառուցողական», սակայն սուր տարաձայնությունների մասով լուծումներ չեն գտնվել:

Էրդողանը հայտարարել է, որ ինքը Բայդենին ասել է այն մասին, որ Անկարան չի փոխելու իր դիրքորոշումը «Ս-400»-ի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Թուրքիային հորդորել է չշահագործել «Ս-400»-ը: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կարծում են, որ ռուսական համակարգը սպառնալիք է իրենց անվտանգության համակարգերի համար: Վաշինգտոնը հեռացրել է Անկարային իր F-35 կործանիչների ծրագրից եւ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյաների նկատմամբ՝ ռուսական համակարգերի գնման հետ կապված: