ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան առաջատար դեր կստանձնի Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում` կապված Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ Բայդենն ու Էրդողանը հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում քննարկել են աֆղանական հարցը: Նա նշել է, որ Էրդողանը օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ից խնդրել է որեւէ աջակցություն ցուցաբերել, իսկ Բայդենը խոստացել է տրամադրել այդ աջակցությունը:

«Ղեկավարները հստակ հայտարարել են, որ Թուրքիան առաջատար դեր կխաղա Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման գործում, եւ մենք այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչպես դա անել»,- ասել է Սալիվանը:

Օդանավակայանի անվտանգությունը կարեւոր նշանակություն ունի Աֆղանստանում դիվանագիտական առաքելությունների գործունեության համար, քանի որ արեւմտյան ուժերը դուրս են բերվում:

Թալիբների ներկայացուցիչը անցյալ շաբաթ ասել էր, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից՝ համաձայն 2020թ. համաձայնագրի, բայց Սալիվանն ասել է, որ թալիբների մեկնաբանությունները չեն խանգարել ԱՄՆ-ի կողմից մշակված «մանրամասն եւ արդյունավետ» անվտանգության ծրագրին: «Մենք ակնհայտորեն լրջորեն ենք վերաբերվում այն մտավախություններին, որ թալիբները կամ Աֆղանստանում գործող այլ տարրեր կարող են հարձակումներ գործել միջազգային ներկայության վրա... Մենք չենք կարծում, որ այն, ինչ «Թալիբանը» հրապարակավ ասել է, պետք է կամ կսահմանափակի անվտանգության ներկայիս ջանքերը»: