Ամերիկյան բարձրաստիճան քաղաքական գործիչների խումբը նախազգուշացրել է, որ ՉԹՕ-ները «խնդիր են ներկայացնում ազգային անվտանգությանը» այն բանից հետո, երբ մասնակցել է չբացահայտված թռչող օբյեկտների մասին երկար սպասված հաշվետվության վերաբերյալ գաղտնի ճեպազրույցին, որը պետք է հրապարակվեր այս ամսվա վերջին։

Կոնգրեսի որոշ անդամների ներկայացվել են մանրամասն տեղեկություններ Պենտագոնի հաշվետվության մասին, որը նախատեսվում է հրապարակել մինչեւ հունիսի 25-ը։ Նրանք հայտարարել են, որ խորապես անհանգստացած են արդյունքներից։

«Հավանաբար, ինչ-որ բան է տեղի ունենում, ինչից գլուխ հանել մենք չենք կարողանում»,- TMZ-ին ասել է հանրապետական կոնգրեսական Թիմ Բերչեթը։

Վերջին տարիներին հրապարակվել են չբացահայտված թռչող օբյեկտների տեսահոլովակներ, ներառյալ F-18 ռազմածովային կործանիչից արված կադրեր, որոնցում ցուցադրվել է երկարաձեւ օբյեկտ երկնքում, Սան Դիեգոյից ոչ հեռու։

Այս տարվա ապրիլին ցանցում հայտնվել են լուսանկարներ եւ տեսանյութեր՝ արված ռազմածովային ուժերի կողմից, որոնցում ցուցադրվել են եռանկյունաձեւ օբյեկտներ երկնքում, իսկ մայիսին հայտնվել են կադրեր, որոնցում ցուցադրվել է օվալաձեւ թռչող օբյեկտ Սան Դիեգոյում, ռազմանավի մոտ։

«Մենք լրջորեն ենք վերաբերվում չբացահայտված թռչող օբյեկտներին այն չափով, որ չափով որ գործ ունենք Միացյալ Նահանգների անվտանգության կամ ազգային անվտանգության շահերի հետ, ուստի մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչի հետ գործ ունենք»,- New York Post-ին հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Շոն Փաթրիկ Մելոնին։

Անցած շաբաթ Աերոտիեզերական սպառնալիքների բացահայտման առաջադեմ ծրագրի նախկին տնօրեն Լուիս Էլիզոնդոն Washington Post թերթին ասել էր, որ ՉԹՕ-ները լուրջ սպառնալիք են ներկայացնում։

«Այս երկրում մենք ունեցել ենք միջադեպեր, երբ այդ ՉԹՕ-ները խանգարել եւ փաստորեն անջատել են մեր միջուկային հնարավորությունները»,- ասել է նա։ «Մենք նաեւ տվյալներ ունենք, որոնք վկայում են այն մասին, որ այլ երկրներում դրանք միջամտել են նրանց միջուկային տեխնոլոգիաներին եւ փաստորեն միացրել դրանք»։

Տեսություններից մեկն այն է, որ ՉԹՕ-ները կարող են լինել չինական կամ ռուսական ինքնաթիռներ, բայց Բերչեթը չի ընդունել այդ վարկածը։ «Ես կարծում եմ՝ դա ծիծաղելի է։ Եթե ռուսները ՉԹՕ տեխնոլոգիա ունենային, նրանք հենց հիմա տիրած կլինեին մեզ»,- ասել է նա։ «Դա ինչ-որ բան է, որը գտնվում է մեր գալակտիկայից դուրս»։

Էլիզոնդոն նույնպես չի ընդունել այդ վարկածը։ «Մենք միանգամայն համոզված ենք, որ գործ ունենք տեխնոլոգիայի հետ, որը մի քանի սերունդ առաջ է այն բանից, ինչը մենք համարում ենք հաջորդ սերնդի տեխնոլոգիա»,- ասել է Էլիզոնդոն Post-ի հարցազրույցում։