Իրանը չի ընդունում միջամտությունն իր միջուկային եւ հրթիռային ծրագրերին, ինչպես նաեւ` իր ռազմական քաղաքականությանն ու զսպմանը վերաբերող հարցերին: Այս մասին ասաց Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն` մերժելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արտգործնախարարների հանդիպման վերջին հայտարարության մեջ առաջադրված մեղադրանքները: Նա խորհրդի նման մոտեցումը բոլորովին հակակառուցողական է անվանել, հաղորդում է Mehr-ը:

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հետեւել է միջազգային իրավունքին եւ իր ստանձնած պարտավորություններին, ուստի չի հանդուրժի որեւէ միջամտություն իր միջուկային եւ հրթիռային ծրագրերին: Նա խորհրդի անդամ երկրներին կոչ է արել մտածել միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու մասին:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նաեւ հույս է հայտնել, որ Խորհրդի երկրները հնացած հայտարարություններ անելու փոխարեն ուշադրություն կդարձնեն տարածաշրջանի իրողություններին եւ կփոխեն իրենց մոտեցումները տարածաշրջանային երկխոսության եւ համագործակցության նկատմամբ: