2008-ից մինչեւ այսօր մեր երկիրը հայտնված է այս 4 մարդկանց ռազբորկաների մեջ՝ 3 նախագահ եւ այսօրվա գործող վարչապետը: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Կրա՞կն ենք ընկել, կարո՞ղ է թողնեք մենք էլ ապրենք, թողնեք ժողովուրդը ապրի, թողնեք մի սերունդ մեծանա, որը կապ չունի այդ պրոցեսների հետ: «Մարտի 1»-ի ժամանակ տղաս 1 տարեկան է եղել, ու մինչեւ հիմա այդ գզվռտոցը չի ավարտվել ու չի էլ ավարտվում: Հիմա էլ հունիսի 21-ին են կանչում, որ այդ խոսակցությունը շարունակեն: Այսինքն ով որ Կոնդի դաչայում նստում է, մյուսին նստացնում է, չագուչը ինքն է վերցնում»,-ասաց նա:

Մարուքյանն ասաց, որ իրենց ուժը երրորդն է ընտրարշավում. «Դա նշանակում է, որ կրկին երրորդ ուժն ենք լինելու խորհրդարանում: Ես տոկոս չեմ կարող ասել, քվեարկությունից դա կերեւա, բայց զարգացումներն այդ ուղղությամբ են գնում»:

Հարցին՝ եթե ԼՀԿ-ն չանցնի խորհրդարան, դուրս կգա փողո՞ց, Մարուքյանը պատասխանեց. «Ինչի՞ համար: Այսինքն փողոց են դուրս գալիս նրանք, որոնք չեն անցնո՞ւմ: Չանցնելու տարբերակ չկա: Փողոց դուրս գալ կարելի է միայն մեկ դեպքում, եթե օրինակ, ընտրությունները կեղծվում են, եթե օրինակ, արհավիրք է տեղի ունենում երկրում: «Լուսավոր Հայաստանն» այսօր հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու համատեքստում: Եթե մենք բոլորին համախմբելու, համերաշխության կոչերով գալիս ենք, ի՞նչ փողոց: Մենք փողոցներն ազատել ենք արտահերթ ընտրություններ նշանակելով:

Ժողովուրդն ուզում է և պարտադրում է համախմբում, ժողովուրդը չի հարցնում՝ սրան ես սիրում, թե   չես սիրում, ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են: Մարդիկ ուղղակի չեն կարողանում հանդուրժել այս ամենը: Երկիրը հազար խնդիր ունի, պետք է համախմբվենք, լուծենք այդ խնդիրները, սա է մարդկանց ուզածները, և մենք սա ենք անում»: