Հնդկաստանի ոստիկանությունը կանչել է Twitter-ի բարձրաստիճան խոսնակին պարզաբանումներ տալու վիրուսային տեսանյութի վերաբերյալ, որն «ատելություն եւ թշնամանք» է տարածում, հայտնում է Reuters-ը:

Խոսքը տեսանյութի մասին է, որում մի քանի տղամարդ, ըստ երեւույթին` հինդուիստներ, ծեծում են տարեց մահմեդական տղամարդուն եւ կտրում նրա մորուքը: Այդ տեսանյութը լայն տարածում է գտել Twitter-ի օգտատերերի հնդկական հատվածում:

Գազիաբադի ոստիկանությունը զանգահարել է Հնդկաստանում Twitter-ի ղեկավար Մանիշ Մահեշվարիին: «Ոմանք իրենց Twitter-ի էջերն օգտագործել են հասարակության մեջ ատելություն եւ թշնամանք սերմանելու համար, եւ Twitter-ն ուշադրություն չի դարձրել»,- ասվում է ոստիկանության ծանուցագրի մեջ:
«Թշնամանք հրահրող եւ երկրի տարբեր համայնքների միջեւ ներդաշնակությունը խաթարող տեսանյութերը խրախուսվել եւ վիրուսային դառնալու հնարավորություն են ստացել»:

Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռավի Շանկար Պրասադը հայտարարել է, որ Twitter-ը չի հետեւում կառավարության նոր կանոններին, որոնք նոր սպաների նշանակում են պահանջում նորմատիվ պահանջների պահանմամբ:

Ըստ կանոնների` չհամապատասխանելու դեպքում պաշտպանությունը, որից ընկերություններն օգտվում են օգտատերերի կողմից ստեղծված քոնթենթի համար ցանկացած պատասխանատվության նկատմամբ, «չի կիրառվում», եւ ընկերությունները «պատասխանատվություն են կրում օրենքի համաձայն»: