Մեղադրանք ներկայացնելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի դեմ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը փաստացի ՌԴ-ին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը:

Նա հիշեցրեց, որ Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է: Նրա խոսքով՝ փաստացի մեղադրանքն ուղղված է Ռուսաստանի հասցեին:

«Այն մեղադրանքը, թե նա զենք է մատակարարել Հայաստանին, որը հետո տեղափոխվել է Ղարաբաղ, սուտ է: Եթե զենք է մատակարարվել Հայաստանին եւ Ղարաբաղին, ապա  այն մատակարարել է Ռուսաստանը: Աբրահամյա՞նն է Հայաստանին «Իսկանդեր» մատակարարել: Նա կեղտոտ գործերով չի զբաղվում: Նրա բիզնեսն այլ ուղղություն ունի»,-ասաց ՌՀՄ ներկայացուցիչը:

Նա նկատեց, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ նման կեղծումների դիմում:

«Մեղադրանքը ոչ իրավաչափ  է: Նա հանցագործ չէ: Մենք խնդրել ենք, որպեսզի Աբրահամյանն այդ մասին զեկուցի Պուտինին: Երբեք չեք կարողանա վախեցնել Աբրահամյանին: Նա մտածում է, թե ինչպես կարելի է օգնել հայրենիքին եւ՛ նյութապես, եւ՛ քաղաքականապես: Ադրբեջանը չի հաղթել…Թուրքական եւ ադրբեջանական բանակներն ու սիրիացի վարձկանները կռվում էին փոքր Ղարաբաղի դեմ: Բացի այդ, Հայաստանի վարչապետը պատշաճ միջոցներ չձեռնարկեց, համընդհանուր մոբիլիզացիա չհայտարարեց: Նա փոքր հանրապետությունը մեկուսացման մեջ թողել: Աբրահամյանը որպես հայրենասեր մարդ մեկնեց Երեւան, այստեղ էլ՝ Ռուսաստանում, գնում էր նախագահի վարչակազմ, առաջ տանում հայ ազգի շահերը: Այդ պատճառով այդ հայտարարությունը ոչինչ չի նշանակում: Հետախուզում են հայտարարել…հետո ի՞նչ: Գնացեք, բռնեք Աբրահամյանին»,-նշեց նա: