1990-ական թվականների սկզբին ղարաբաղյան հակամարտությունը, Խորհրդային Միության փլուզումը, հայ–թուրքական սահմանի փակումը խորը տնտեսական ճգնաժամ առաջացրին Հայաստանում: Բացի դրանից, էներգետիկ ռեսուրսների բացակայության, տրանսպորտային մեկուսացման, դեպի ծով ելք չունենալու արդյունքում ՀՀ-ն տնտեսական տեսանկյունից ոչ բարենպաստ իրավիճակում էր: 

Միաժամանակ, շրջափակմամբ պայմանավորված, ապրանքների դեպի արտերկիր փոխադրման բարձր տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև պաշտպանական ծախսերը ձևավորեցին  Հայաստանի տնտեսական զարգացման յուրահատուկ մոդել, որն ապահովեց տնտեսական աճի բավականին բարձր տեմպեր և մակրոտնտեսական կայունություն մինչև 2008 թվականը: Մասնավորապես, 1998-2008 թվականների ժամանակահատվածում՝ 7-8 տարվա կտրվածքով ՀՀ-ն ունեցել է երկնիշ տնտեսական աճ, միջին աշխատավարձն աճել է 4.8 անգամ, կենսաթոշակը՝ 5.6 անգամ:

Ուշագրավ է, որ 1998 – 2008 թվականներին հետխորհրդային երկրները համարվում էին համաշխարհային տնտեսության արագ զարգացող տարածաշրջաններ, որի շրջանակներում ՀՀ-ում պահանջարկի աճը տարեկան կտրվածքով բնութագրվում էր երկնիշ մեծություններով մաքուր արտահանման բացասական ցուցանիշների պայմաններում: Այդ տասնամյակում տեղի էին ունենում արտադրության վերականգնման, մակրոտնտեսական կայունացման և շուկայական կառուցվածքի բարեփոխումների գործընթացներ: ԱՊՀ անդամ պետություններում ՀՆԱ աճի բարձր տեմպերը պայմանավորված էին նաև արտաքին առևտրի դինամիկ աճով: Արդեն 2005 թվականին ԱՊՀ երկրները գերազանցեցին արտահանման, իսկ 2007 թվականին ներմուծման ԽՍՀՄ 1991 թվականին առկա մակարդակը: Սակայն 2008 թվականին փոխադարձ առևտրի ծավալները դեռևս ետ էին մնում 1991 թվականի մակարդակից, այդ թվում՝ արտահանման գծով կազմում էին 80%, իսկ ներմուծման գծով՝ 91.9%: Համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված 2009 թվականին իրավիճակն ավելի վատթարացավ, մասնավորապես՝ արտահանման մասով կազմելով 53.7%, իսկ ներմուծմասն մասով՝ 61.3%, ինչը, առաջին հերթին պայմանավորված էր երրորդ երկրների հետ արտաքին տնտեսական կապերի սերտացմամբ, որոնց շրջանակում աճում էր վառելիքահումքային ապրանքների նկատմամբ պահանջարկը, իսկ ՀՀ-ն վերոնշյալ հարաբերություններում հանդես էր գալիս իր ավանդական հումքային ապրանքներով՝ մոլիբդենով և պղնձով:

1998-2008 թվականներին արտահանումից ստացվող եկամուտները խթանում էին ներքին պահանջարկը, իսկ դա հիմնականում բավարարվում էր երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներով և տեխնոլոգիաներով: Ընդ որում, նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, միջազգային ոչ մի նոր մասնագիտացում ձեռք չբերեցին, և տնտեսական աճը հենվում էր ավանդական ճյուղերի, հիմնականում՝ վառելիքահումքային ոլորտի վրա: Մինչ 2008 թվականը ՀՀ-ում վերականգնողական ժամանակաշրջանն ավարտվել էր, և տնտեսությունն ինտեգրվել էր համաշխարհային տնտեսությանը, ինչից ելնելով կարելի է ենթադրել, որ արտաքին գործոնների ազդեցությունը տնտեսական զարգացման վրա եղել է բավականին շոշափելի:

Եթե անդրադարձ կատարենք ետխորհրդային երկրներում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշի դինամիկային, ապա Հայաստանում 1999 թվականին վերոնշյալ ցուցանիշը կազմել է 610 դոլար՝ ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնելով 11-րդ տեղը: Արդեն 2008 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը կազմել է 3340  դոլար՝ աճելով 5.5 անգամ, և այս ցուցանիշով ՀՀ-ն զբաղեցրել է 8-րդ տեղը: Արդեն 2003 թվականին ՀՆԱ աճի տեմպը հասավ ռեկորդային բարձր 14%-ի, երբ Հայաստանը որակվեց որպես «Կովկասյան վագր»: Իսկ 2020 թվականի վիճակագրության համաձայն՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է 10-րդ տեղը, այսինքն՝ երկու կետով նահանջել է։

Արամ Աճեմյան