Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել կաշառքի գործով ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին եւ Ռազմիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքը։

NEWS.am-ին ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող՝ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: