«Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու տեղեկությունը՝ նշելով, որ դեռ ոչ մի ծանուցում չի ստացել այդ հաշվով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է եւ ինձ չի հուզում։ Ինձ համար ծիծաղելի է։ Ես մեղավոր չեմ, եւ ես խնդիրներ ունենալ չեմ կարող»,- ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հիմա նա նախատեսում է դիմել միջազգային դատական ատյաններին, որպեսզի «պահանջի Ադրբեջանի հանցագործությունների հետաքննություն անցկացնել»։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երեք հայ գործարարների նկատմամբ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ զենքի եւ ռազմատեխնիկայի ապօրինի ներկրման պատճառով։ Նրանց թվում են Սամվել Կարապետյանը, Դավիթ Գալստյանը եւ Արա Աբրահամյանը։