Հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալի, տուրիզմի զարգացման մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը։

Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է ձեռնարկի Հայաստանը, որպեսզի ակտիվացնի այդ հարաբերությունները։

Վերջին տարիներին երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ տնտեսական հարաբերությունները Չինաստանի եւ Հայաստանի միջեւ միայն բարելավվել են եւ հասել զգալի արդյունքների։ Առեւտրի մակարդակը երկրների միջեւ 2016թ. կազմում էր 389 մլն դոլար եւ ավելացել է՝ 2020թ. հասնելով 995 մլն դոլարի։ Չնայած համավարակին՝ ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ ավելացել է 31.88 տոկոսով, ինչը մատնանշում է այն փաստի մասին, որ երկու երկրները առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալ ունեն։ Չինական ընկերությունների հետաքրքրությունը առեւտրատնտեսական ոլորտում ակտիվորեն աճում է եւ ներդրումներ ներգրավում նաեւ Հայաստանի տնտեսության համար։ Ընկերությունները մասնակցում են համատեղ նախագծերին, ինչպիսին են Հյուսիս-Հարավ մայրուղին, էլեկտրակայանների շինարարությունը, հանքային ջրերի եւ հագուստի արտադրության ֆաբրիկաները։ Սակայն, կարծում եմ, որ այդ հարաբերությունների պոտենցիալը սրանով չի սահմանափակվում։ Չինաստանը Հայաստանին հրավիրում է ուսումնասիրել չինական շուկան եւ նրա հնարավորությունները զարգացման համար։ Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանին ակտիվացնել իրենց արտադրանքը ներկայացնելու գործը Չինաստանում, ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող տարբեր առեւտրային համաժողովներին, գովազդել հայկական արտադրանքը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը։ Ներդրումների առումով մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանին շարունակել բարելավել պայմանները օտարերկրյա ներդրումների համար, որոնք ներդրողներ կներգրավեն։ Հայաստանը պետք է լինի քաղաքականապես կայուն երկիր եւ հրապուրիչ նախագծեր առաջարկի ներդրումների համար։ Չինաստանի դեսպանությունն ակտիվորեն կօգնի ներդրումների ներգրավման առումով։

Հայաստանում արդեն երկար տարիներ խոսվում է այն մասին, որ պետք է հրապուրել չինացի զբոսաշրջիկներին, բայց Երեւան-Պեկին ուղիղ չվերթը, որը կարող էր տարանցիկ դառնալ նաեւ եվրոպական շատ երկրների համար, չգիտես ինչու, ոչ մի կերպ չի բացվում։ Ո՞րն է, Ձեր կարծիքով, խնդիրը։

Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տուրիզմի զարգացմանը եւ այն համարում է տնտեսական զարգացման առաջնահերթ ոլորտներից մեկը։ Չինաստանի կառավարությունը ցանկանում է բարելավել համագործակցությունը Հայաստանի հետ տուրիզմի ոլորտում։ Վերջին տարիներին զբոսաշրջիկների թիվը միայն ավելանում է։ 2018թ. չինացի զբոսաշրջիկների թիվը, որոնք այցելել են Հայաստան, կազմում էր 9 189 մարդ, 2019-ին՝ 15 500, բարձրանալով 69,2 տոկոսով։ Կարծում ենք, որ համավարակի ավարտվելուց հետո չինացի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում կավելանա։

Ինչ վերաբերում է ուղիղ թռիչքներին, մենք ցանկանում ենք աշխատել հայկական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք պատասխանատու են երկու երկրների միջեւ ուղիղ թռիչքների բացման համար։ Ցանկացած պարագայում, չինական ChinaSouthernAirlines ավիաընկերությունը  ցանկանում է, որպեսզի բացվեն Հայաստան ուղիղ թռիչքներ, բայց այդ գործընթացի վրա ազդում է համավարակը։ Դրա ավարտից հետո Չինաստանը հույս ունի քննարկել համագործակցության մանրամասները ՀՀ համապատասխան գերատեսչության հետ։

Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անվտանգության խնդիրն ամենից շատ է անհանգստացնում մեր հասարակությանը։ Չինաստանում ինչպե՞ս են ընկալում ստեղծված իրավիճակը։

Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը եւ հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որը նույնպես Չինաստանի գործընկերն է, կհետեւեն անցած տարվա նոյեմբերին ձեռք բերված համաձայնագրին եւ բոլոր հարցերը կլուծեն դիվանագիտական ճանապարհով։ Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերն էլ քաղաքական երկխոսության եւ խորհրդակցությունների ճանապարհով կկարողանան պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

Դուք հանդիպել եք Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, զարգացման ի՞նչ պլաններ եւ հեռանկարներ են քննարկվել հանդիպման ժամանակ։

Ես արդեն երկու անգամ հանդիպել եմ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ Պարոն նախարարն ինձ ներկայացրել է տարբեր ոլորտներում համագործակցության նախագծեր, ներառյալ գիտական նախագծերը՝ տեխնոլոգիական գոտի եւ տեխնոլոգիական քաղաք, ազատ արդյունաբերական գոտի, քիմգործարաններ, գյուղատնտեսական նախագծեր եւ այլն։ Այդ նախագծերը պետք է ավելի մանրամասնվեն եւ արժանանան պետության աջակցությանը։ Մենք նաեւ քննարկել ենք ուղիղ թռիչքները երկրների միջեւ, որոնք կօգնեն չինացի գործարարներին այցելել Հայաստան։

Ձեր կարծիքով՝ ի՞նչը չի բավականացնում Հայաստանին երկրի տնտեսությունում չինական ներդրումներ ներգրավելու համար։

Չինական ներդրումներ ներգրավելու համար, նախ, պետք է լուծել լոգիստիկայի հարցերը։ Օրինակ, փաստը, որ բեռները Հայաստան հասնում են 14 եւ ավելի օրում, չի հրապուրում չինացի գործարարներին։ Այդ խնդիրը պետք է լուծվի, եւ պայմանները պետք է բարելավվեն։ Հայերը շատ կրեատիվ ազգ են, եւ որոշ տեղական ընկերություններ հաճախ մեզ առաջարկում են համագործակցության հիանալի գաղափարներ։

Հայաստանը ակտիվ չի աշխատում ՇՀԿ-ի հետ եւ մասշտաբային մասնակցություն չունի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում, ինչպես դա անում են, օրինակ, Միջին Ասիայի հանրապետությունները։ Ունի՞ արդյոք Չինաստանը տարածաշրջանների նման զարգացման ծրագրեր Հայաստանում, ինչպես Միջին Ասիայի հանրապետություններում։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ ՇՀԿ ծրագրերը տարբեր ոլորտներում համագործակցության կարեւորագույն պլատֆորմ են Չինաստանի եւ տվյալ տարածաշրջանի համար։ Հայաստանը առաջին երկրներից մեկն էր, որն արձագանքել է Շանհայի համագործակցության կազմակերպության նախաձեռնությանը։ Այդ ծրագրերը բավարար են կազմակերպության բոլոր մասնակից երկրների համար, եւ դրանցում ակտիվ մասնակցությունը միայն կհանգեցնի տարածաշրջանի հետագա զարգացմանը, որին առաջին հերթին անհրաժեշտ է կայունություն։