«Տաշիր» ընկերությունների խումբը աբսուրդ է որակել դրա նախագահ Սամվել Կարապետյանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները: «Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն աբսուրդ են եւ ոչ մի հիմք չունեն»,- ասված է ընկերության արտաքին կապերի վարչության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընկերությունում հայտարարել են, որ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը, որի մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հարուցվել է քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու շինծու մեղադրանքով: «Այն, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց համար, զարհուրելի եւ անընդունելի է»,- ասել են ընկերության մամուլի ծառայությունից:

«Ես զարմանում եմ, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները համառորեն շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին տարածաշրջանի վերականգնմանը, որը նրանք ոչնչացրին»,- Կարապետյանի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը:

Միևնույն ժամանակ ընկերությունը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տարիներ շարունակ նախաձեռնել եւ իրականացրել է բացառապես սոցիալական եւ հումանիտար ծրագրեր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում. կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: «Արդյունքում այդ օբյեկտներից մի քանիսը ոչնչացվեցին ադրբեջանական բանակի կողմից: Ընդ որում, զոհվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ»,- ասել են մամուլի ծառայությունից: «Տաշիր» ընկերությունների խումբը եւ անձամբ Սամվել Կարապետյանը մարդասիրական օգնություն են ցուցաբերել եւ շարունակում են ցուցաբերել ռազմական բախման ընթացքում տուժած հայ ժողովրդին եւ խաղաղ բնակիչներին», - ասվում է հաղորդագրության մեջ: