«Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը մերժեցին բանավեճին մասնակցելու իրավունքից։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ հանդիպմանն, ասաց ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում տեղի ունեցած բանավեճին։

«Սա համաձայն գործող Սահմանադրությամբ, քաղաքական ուժերի մրցույթ էր, եւ եթե կազմակերպվում է հանրային նման բանավեճ, դա նշանակում է, որ բոլոր կուսակցություններին, պետք է հնարավորություն տրվի մասնակցել այդ բանավեճին՝ իրենց ընտրած ներկայացուցչի միջոցով։ ՀԱԿ–ում որոշվել  էր, որ մեզնից այդ բանավեճին  պետք է մասնակցեմ ես։ Մենք գրավոր տեղյակ ենք պահել այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը, եւ ստացել ենք պատասխան. ինչ–որ պատրվակ էին բերել, որ այդ  բանավեճին պետք է մասնակցեն ցուցակի առաջին դեմքերը եւ ըստ  էության մեզ մերժեցին։ Սա անընդունելի է, սա խախտում է մեր ընտրական իրավունքները»,– ասաց Լեւոն Զուրաբյանը։

ՀԱԿ–ը դիմել է դատարան, սակայն նրանց հայցը մերժվել է։  Ըստ Զուրաբյանի՝  հայցը դատարանը մերժել է այն պատրվակով, որ իբր այն  չի առնչվում ՀԱԿ–ի ընտրական իրավունքի պաշտպանությանը։

«Այդ կեղծ հիմնավորմամբ  չեն ընդունել մեր հայցը դատարան։ Սա ակնհայտ կամայականություն է։ Մեզ համար պարզ է, որ այս ամենը կատարվում է իշխանությունների հրահանգով։ Մենք կդիմենք Վերաքննիչ դատարան, որովհետեւ  շատ պարզ է՝ ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը վախեցել է, որ ՀԱԿ–ը կներկայանա այդ բանավեճին, նա իրեն տարերքի մեջ է զգում, երբ որ ինքը կարող է վիճել անտեղյակ մարդկանց հետ, այն քաղաքական ուժերի հետ, որոնք չգիտեն՝ ինչ ճիշտ հարցադրումներ դնեն Փաշինյանի առաջ։ Նա կարող է գող–ավազակների հետ շատ լավ վիճել, հիշեցնելով  իրենց կոռուպցիոն անցյալը, բայց ՀԱԿ—ի հետ վիճել չի կարող, հետեւաբար ամեն ինչ արեց, որ մենք չկարողանանք մասնակցել այդ բանավեճին»,– ասաց Զուրաբյանը։