Այսօր առավոտյան սխալմունքի պատճառով հաղորդագրություն է ուղարկվել «Beeline» օգտատիրոջ անունից, որը պարունակում է քաղաքական գովազդ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Beeline-ը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Տեղեկացնում ենք, որ Beeline-ում գործում է SMS-Info ծառայությունը, որը կորպորատիվ բաժանորդներին հնարավություն է տալիս հատուկ հարթակի միջոցով գովազդային և տեղեկատվական նյութերը տարածել իրենց հաճախորդների շրջանում։

Հաղորդագրության ուղարկման պահին տեղի է ունեցել տեխնիկական խոտան, որի պատճառով հաղորդագրությունը ուղարկվել է Beeline օգտատիրոջ անունից։ Ուղարկելու ընթացքում խոտանը հայտնաբերվել է, արդյունքում հաղորդագրությունը ստացել են փոքր քանակի բաժանորդներ։ 

Հերքում ենք բոլոր այն մտքերը, թե հայտարարությունը միտումնավոր քաղաքական քարոզչություն է, Beeline-ը ապաքաղաքական, կոմերցիոն կազմակերպություն է և չի զբաղվում քաղաքական քարոզչությամբ։

Հավելենք, որ SMS-Info ծառայության պայմանագրի 3.6 կետի համաձայն՝ «Գործընկեր կազմակերպությունը պարտավորվում է չիրականացնել քաղաքական բնույթի կոչեր պարունակող SMS-ների ուղարկում` ներառյալ, բայց չսահմանափակվելով քաղաքական կուսակցության և/կամ թեկնածուի օգտին քվեարկելու կոչեր, ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու կոչեր և այլն:

Այս առիթով կազմակերպությունում հարուցվել է ծառայողական քննություն։

Կրկին հայցում ենք բոլորի ներողամտությունը»: