Մեծ Բրիտանիայի Բաթի համալսարանի գիտնականները պարզել են, որ Դարվինը սխալվել է բնական ընտրության տեսության մեջ, երբ պնդել է, որ վառ սեռական հատկանիշները մեծացնում են կենդանու՝ զուգընկեր գտնելու հավանականությունը, եթե դրանք պոտենցիալ քիչ են: Ըստ էվոլյուցիոնիստի՝ որքան քիչ են էգերը, այնքան ավելի արտահայտիչ պետք է լինի մրցակցող արուի արտաքին տեսքը: Այնուամենայնիվ, նոր տվյալները փաստում են, որ դա այդպես չէ: Այս մասին հաղորդել է The Conversation-ը:

Չնայած Դարվինը, ընդհանուր առմամբ, ճիշտ էր, երբ պնդում էր, որ կենդանիները էվոլուցիայի են ենթարկվում բնական ընտրության գործընթացում, սակայն սխալվում էր մանրամասների առումով: Սեռական ընտրության տեսությունը բացատրում է, թե ինչու, օրինակ, արու սիրամարգերն ունեն փարթամ պոչեր, չնայած այդպիսի պոչը թռչունին խոցելի է դարձնում գիշատիչների կողմից: Պայծառ պոչը արուի առողջության եւ բեղունություն նշան է, որը գրավում է էգին: Էգերը միշտ ընտրում են ամենագեղեցիկ պոչերով արուներին, ինչը նպաստում է սիրամարգի պոչի էվոլյուցիային: Սեռական ընտրությունը տեղի է ունենում սեռերի անհավասար հարաբերակցություն ունեցող պոպուլյացիաներում, եւ Դարվինը կարծում էր, որ ընտրությունը ամենափոքրաթիվ սեռն է կատարում:

Շատ կաթնասունների, այդ թվում՝ մարդկանց մոտ, էգերի թիվը գերազանցում է արուների թիվը: Սեռերի այս անհավասար հարաբերակցությունը ամենաուժեղն է պարկավորների շրջանում: Ավստրալական անտեկինուսների դեպքում, օրինակ, բոլոր արուները հանկարծամահ են լինում զույգավորման շրջանից հետո, ուստի լինում են դեպքեր, երբ մեծահասակ արուներ այլեւս չեն լինում, եւ մեծահասակ ողջ պոպուլյացիան բաղկացած է լինում հղի էգերից:

Հետազոտողները պարզել են, որ Դարվինը ճիշտ էր, որ սեռական ընտրությունը սերտորեն կապված է սեռերի անհավասար հարաբերակցության հետ: Մասնավորապես, հետազոտողները ուսումնասիրել են սեռական դիմորֆիզմը (արուները ավելի խոշոր են, քան էգերը) 462 կենդանիների տեսակների՝ այդ թվում պավիանների, ծովային փղերի եւ չվող թռչունների մոտ: Մեծ չափսը թույլ է տալիս արուներին էգերի համար պայքարում գերակայել մրցակիցների նկատմամբ: Այնուամենայնիվ, առավել ինտենսիվ սեռական ընտրությունը տեղի է ունեցել այն տեսակների մեջ, որտեղ էգերը շատ են: Նման հակասական արդյունքը բացատրվում է նրանով, որ հաղթողը հնարավորություն է ունենում մեծ քանակությամբ էգերի բեղմնավորելու, եւ արդյունքում մանր արուները չեն կարողանում սերունդ տալ, գրել է Լենտա.ռու-ն: