Հունիսի 20-ի ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ նոր է սկսվում: Այս մասին իր տեսաուղերձում նշել է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ երկար ու դժվարին ճանապարհը մենք միասին ենք անցնելու: Անկախությունից ի վեր մոտ 3 տասնամյակ մեզ դրել են դաժան երկընտրանքի առջեւ՝ հաց, թե՞ արժանապատվություն: Հասարակությունը սրա դեմ պայքարել է, որքան ներել են իր ռեսուրսները: Շատերը կոտրվել են եւի հեռացել, սակայն 2018-ին մեր ընտրությունը միանշանակ էր, մենք ընտրել ենք արժանապատվությունը:  Հասարակության այդ ողջ էներգիան մսխվեց ամենաանփառունակ ձեւով: Եվ այսօր հին ու նոր ձախողակ ուժերը նորից քվե են մուրում ձեզնից:

Նրանք հաշտ չեն հանրության հետ: Նրանց կուտակած ապօրինի հարստությունը, գործած համատեղ մեղքերը ծանր կշռաքարի պես կապված են նրանց ոտքերից: Հանցագործները միշտ վերադառնում են հանցանքի վայրԱյս կարճ քարոզարշավը ցույց տվեց, որ քաղաքականությունը մենաշնորհած նախկին ու ներկա քաղաքական ուժերը ձգտում են իրենց նման դարձնել նաեւ հանրությանը, ուզում են ջնջել բարոյականության բոլոր նորմերը, սրբությունները, արժեքները եւ վերածել մի կտոր հացի համար իրար հոշոտելու պատրաստ նախամարդկանց:

Մեր խնդիրն է այս քվեարկությամբ ապացուցել, ուղղակի գոռալ, որ մենք արժեքներից ու բարոյականությունից զուրկ հանրույթ չենք:

Քարոզարշավի վարքաբանությունը ցույց տվեց, որ եթե դու ընտրում ես մինչ այժմ կառավարած որեւէ ուժի, դու ակամայից ճանապարհ ես հարթում բախումների համար: Մեր ուղերձը մեկն է, ձեր քվեով դուք կարող եք կանխել վերահաս աղետը: Միասին մենք կարող ենք ճեղքել այս փակ քաղաքական համակարգը, դուռ բացել փոփոխությունների ու նոր քաղաքական մտածողության համար: Դա հնարավոր կդառնա, եթե դուք ԱԺ գործուղեք սրանց զսպող ուժերի, որոնք կհակակշռեն ատելության ու վրեժի քաղաքական մտածողությունը:

Պատերազմում ընկած մեր եղբայրներն իրենց կյանքը զոհել են հանուն ավելի լավ Հայաստանի: Քվեախցիկում միայնակ մնալով՝ հիշեք՝ Դուք քվեարկում եք նաև նրանց փոխարեն: Ուրեմն մենք պարտավոր ենք պատկերացնել՝ ինչ Հայաստանի համար են նրանք զոհել իրենց ամենաթանկը՝ կյանքը: Քվեարկելիս լսեք նրանց հազարավոր ձայները»։