Նիկոլ Փաշինյանի հրամանով բերման է ենթարկվել Արմեն Չարչյանը: Այդ մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում դաշինքի հանրահավաքի ժամանակ:

«Այս շենքում նստած հողերը հանձնածի հրամանով Արմեն Չարչյանը («Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ – խմբ.) բերման է ենթարկվել: Ոստիկանությունն ու ուժային կառույցներ, դիմում եմ ձեզ. մնացել է երկու օր նրան ծառայելու համար: Դուք չեք կարողանա նայել քաղաքացիների աչքերի մեջ: Չարչյանի կողմից փրկված երիտասարդ զինվորների անունից՝ անհապաղ ազատել Արմեն Չարչյանին»,-հայտարարել է Մանուկյանը:

Մենք խոստացել ենք, որ դուրս կշպրտենք նրան կառավարության շենքից, եւ դա տեղի է ունեցել ու վերջնականապես կկատարվի հունիսի 20-ին, ընդգծել է Մանուկյանը: «Սակայն նախ հոգեւորական կհրավիրենք, որպեսզի մաքրի կառավարության շենքը դավաճանության բացիլներից եւ ազգային արժեքները ստորացնելուց, որոնք սերմանվել են երեք տարի շարունակ: Եւ այն փեթակի կվերածվի, որտեղ 24 ժամ աշխատում են, որպեսզի երկիրը ոտքի կանգնի»,-շարունակել է Գեղամ Մանուկյանը:

Դիմելով Փաշինյանի կողմնակիցներին՝ նա առանձնահատուկ կերպով նշել է, որ հեքիաթները, իբրեւ «Հայաստան» դաշինքը շարժվում է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսի ներքո, սուտ են: «Մենք միասնական ժողովուրդ ենք, պետություն եւ Հայրենիք»,-հայտարարել է Մանուկյանը: