«Օրենքով գող» Սերգեյ Լեւաշովի (քրեական մականունը՝ Ռամս) դեմ նոր քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածով («Քրեական հիերարխիայում բարձր դիրքի զբաղեցում»), նշվում է Մոսկվայի մարզի ՆԳՆ կայքում: Հոդվածի համաձայն՝ նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում, հաղորդել է ՄԿ-ն:

«Նա համակարգում էր կազմակերպված խմբերի գործողությունները Մոսկվա քաղաքի եւ Մոսկվայի մարզի տարածքում, ինչպես նաեւ ստեղծում եւ պահպանում էր կապեր նրանց եւ քրեական հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող այլ անձանց միջեւ, անմիջականորեն մասնակցում էր քրեական ազդեցության ոլորտների եւ հանցավոր շահույթի բաժանմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Լեւաշովը ձերբակալվել է մարտ ամսին: Խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել: Ռամսի մոտ նաեւ ոստիկանության գնդապետի անունով կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել: Նա այժմ կալանքի տակ է:

Ռամսը Մոսկվայում «թագադրվել» է 1993 թվականին՝ վրացի ազդեցիկ «օրենքով գողեր» Ջեմալ Միքելաձեի (Արսեն) եւ Ռոբերտ Կալանդաձեի (Ռոբերտ) կողմից: Ձերբակալվելուց առաջ նա ունեցել է մեկ դատվածություն 1990 թվականին՝ «Կողոպուտ» եւ «Զենքի ապօրինի կրում, պահում, ձեռքբերում կամ վաճառք» հոդվածներով: