ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը եւ հավաստիացրեց, որ ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլեւ միջազգային չափանիշերին:

Դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիեւն ասաց, որ արդեն իսկ հանդիպել են ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժերի հետ: Նա նաեւ կարեւորեց առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ:

Առաքելության անդամ, Ղազախստանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը, ողջունելով Արարատ Միրզոյանին Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի անունից, հույս հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի զարգացման նոր էջ կբացվի:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը անդրադարձ կատարեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, մտքեր փոխանակվեցին առաջիկայում սպասվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ: