Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել ինչպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կապված իրավիճակի, այնպես էլ ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրման հարցերում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին, հայտնում է Lenta.ru-ն:

Մեկնաբանելով Անթալիայում դիվանագիտական համաժողովի բացման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը՝ քաղաքական գործիչը նշել է, որ Թբիլիսիի համար չափազանց կարեւոր է, երբ Անկարան, որպես ռազմավարական գործընկեր, հայտարարություն է անում «վրացական տարածքների օկուպացիայի» անընդունելիության մասին:

Նրա խոսքով՝ վերջերս Թուրքիա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կատարած այցի ընթացքում վրացական կողմը երկրին աջակցության հաստատուն երաշխիքներ է ստացել «բոլոր ձեւաչափերով»: «Մենք տեսնում ենք դրա կոնկրետ արդյունքները»,- ասել է Զալքալիանին: Վրաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը «շատ հստակ» էր նաեւ Բրյուսելում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, հավելել է նա: