«Թալիբանը» մերժում է զորքերը Աֆղանստանում թողնելու Թուրքիայի առաջարկն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերը լքեն երկիրը մինչեւ սեպտեմբերի 11-ի վերջնաժամկետը, հայտնում է Ahval-ը։

Երկուշաբթի Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրել էր, որ Թուրքիան թալիբների հետ խոսելուց հետո կարող է պահպանել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում:

«Թալիբան»-ի հայտարարությունը արվել է մեկ օր անց այն բանից, երբ ամերիկյան պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը պայմանավորվել են, որ զորքերը դուրս բերելուց հետո Թուրքիան կշարունակի ապահովել անվտանգությունը Աֆղանստանի միջազգային օդանավակայանում:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մոջահեդը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ երկրում օդանավակայանների եւ այլ օբյեկտների պահպանությունը աֆղանցիների պարտականությունն է:

«Թուրք դիվանագետների հետ վերջերս կայացած հանդիպումներում եւ քննարկումներում նրանք խոսում էին մեզ հետ այստեղ ռազմական ներկայությունը շարունակելու [Թուրքիայի] առաջարկի մասին, բայց մենք նրանց ասացինք, որ դա մեզ համար անընդունելի է: Եւ նրանք հավաստիացրին, որ մեր դիրքորոշումը կհասցնեն իրենց ղեկավարությանը»,- ասել է Մոջահեդը:

Ներկայումս Թուրքիան Աֆղանստանում ունի 500 զինվոր, որը մնացած ամենամեծ օտարերկրյա ռազմական զորակազմն է, եւ 2003 թվականից այդ երկրում կարեւոր դեր է խաղում ՆԱՏՕ-ի առաքելություններում: