Բայդենի վարչակազմը ցանկանում է ավարտել Իրանի հետ գործարքը, որպեսզի Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մնացած վեց շաբաթվա ընթացքում վերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին, հայտնում է Axios-ը:

Ամերիկյան պաշտոնյաները հայտնել են, որ «տագնապալի» կլինի, եթե բանակցությունները ձգվեն մինչեւ օգոստոսի սկիզբը, երբ Իրանի նոր կառավարությունը պետք է ստանձնի իր պարտականությունները: «Եթե մենք չփակենք գործարքը մինչ նոր կառավարության ձեւավորումը, կարծում եմ, որ դա լուրջ հարցեր կառաջացնի, թե որքանով դա հնարավոր կլինի իրականացնել»,- ասել է պաշտոնյան:

Վերլուծաբաններն ու որոշ դիվանագետներ, ովքեր մասնակցել են բանակցություններին, վաղուց ասում էին, որ հեռացող վարչակազմի հետ ավելի հեշտ կլինի համաձայնության գալ, քան նոր իշխանության հետ, հատկապես Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ:

Իրանի գլխավոր բանակցող Աբբաս Արաքչին այս շաբաթ ասել է, որ չնայած բանակցությունների ընթացիկ փուլում գործարք հնարավոր չի լինի, Իրանը շահագրգռված չէ «ժամանակի կորստով», եւ ընտրությունները նշանակություն չեն ունենա:

Ռաիսին ենթարկվում է ԱՄՆ պատժամիջոցների՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար, եւ խիստ քննադատում է Արեւմուտքին: Նա 2019 թվականին Այաթոլլահ Խամենեի կողմից նշանակվել էր Իրանի դատական համակարգի ղեկավարի բարձր պաշտոնում: