Թալիբանը հայտարարել է խաղաղ բանակցություններին հակվածության մասին՝ հավելելով, որ ցանկանում է  «իսկական իսլամական համակարգ» Աֆղանստանում, որը կնախատեսեր կանանց իրավունքները՝ մշակութային ավանդույթների եւ կրոնական կանոնների համաձայն, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարությունն արվել է Քաթարում իսլամական խմբավորման եւ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների դանդաղ առաջընթացի ֆոնին, ինչպես նաեւ երկրում բռնության կտրուկ աճի ֆոնին սեպտեմբերի 11-ին օտարերկրյա զորքերի դուրս բերման նախաշեմին:

Պաշտոնական անձինք մտահոգություն են հայտնել բանակցությունները հետաձգելու առնչությամբ եւ հայտարարել են, որ «Թալիբանը» դեռեւս չի ներկայացրել գրավոր խաղաղ առաջարկ, որը հնարավոր կլիներ օգտագործել որպես սկզբնակետ առարկայական բանակցությունների համար:

«Մենք հասկանում ենք, որ աշխարհն ու աֆղանցիներն ունեն հարցեր համակարգի ձեւի մասին, որը պետք է ստեղծվի օտարերկրյա զորքերը դուրս բերելուց հետո»,-ասված է թալիբների քաղաքական գրասենյակի ղեկավար մուլա Աբդուլա Գանի Բարադարի հայտարարության մեջ: «Իսկական իսլամական համակարգը լավագույն միջոցն է բոլոր աֆղանցիների խնդիրները լուծելու համար»,-ասել է նա: «Բանակցություններում մեր մասնակցությունն ու մեր կողմից բանակցությունները սատարելը բացահայտ կերպով վկայում է, որ մենք հավատում ենք փոխըմբռնման հիմավ վրա հարցերը լուծելուն»:

Նա հավելել է, որ կանայք եւ փոքրամասնությունները պաշտպանված կլինեն, իսկ դիվանագետներն ու ՀԿ-ների աշխատակիցները կկարողանան անվտանգ աշխատել: «Մենք ստանձնել ենք պարտավորություն հաշվի առնել մեր երկրի բոլոր քաղաքացիների՝ կանանց եւ տղամարդկանց իրավունքներն իսլամի եւ աֆղանական հասարակության ազնվական ավանդույթների լույսի ներքո»,-ասել է նա՝ հավելելով, որ կանանց կներկայացվեն հնարավորություններ աշխատանքի եւ կրթության համար:

Մայիսին ամերիկյան հետախուզության վերլուծաբանները հրապարակել էին գնահատման արդյունքներ, որի համաձայն՝ թալիբները «որոշակի չափով կտապալեն» առաջընթացը, որը ձեռք է բերվել աֆղանցի կանանց իրավունքների պաշտպանության հարցում, եթե վերականգնեն իշխանությունը երկրում: