Իսրայելի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Բինյամին Նեթանյահուն եւ նրա ընտանիքը կհեռանան վարչապետի պաշտոնական առանձնատնից ոչ ուշ, քան հուլիսի 10-ը, հայտարարել է Նեթանյահուն եւ Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը:

Նեթանյահուն, որը 12 տարի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, դեռեւս չի հեռացել Երուսաղեմում վարչապետի առանձնատնից, հաղորդում է AFP-ը:

Անցած տարի Բալֆուր փողոցի վրա գտնվող նստավայրը ամենօրյա բողոքի ցույցերի տարածքն էր, որոնց ժամանակ պահանջում էին Նեթանյահուի հրաժարականը կոռուպցիայի մեղադրանքով դատավարության ընթացքում: Նեթանյահուն հրաժարվել էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից եւ հերքել բոլոր խախտումները:

Բենեթի եւ Նեթանյահուի գրասենյակների համատեղ հայտարարության մեջ ասված է, որ նրանք պայմանավորավել են, որ Նեթանյահուի ընտանիքը կհեռանա նստավայրից ոչ ուշ, քան հուլիսի 10-ը: Այնուհետեւ առանձնատունը կփոխանցվի վարչապետ Բենեթին:

Նեթանյահուն բազմիցս խոստացել է տապալել վերջերս ձեւավորված կառավարությունը, որը նա անվանել է «վտանգավոր ձախակողմյա կառավարություն»: Դրա կազմում են ութ կուսակցություններ, այդ թվում՝ մի քանիսը, որը գլխավորում են Նեթանյահուի նախկին դաշնակիցներն եւ դրածոները, ավելի փոքր լիբերալ կուսակցություններ եւ իսլամիստական ֆրակցիաներ: