ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը։

Ինչպես նախկինում՝ այս անգամ եւս նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը։ Այդուհանդերձ, տեխնիկական խնդիրը լուծելուց հետո ՀՀ երրորդ նախագահը քվեարկեց։

Քվեարկությունից հետո նա պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։

«Այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության,  մեր հասարակության հաշտեցման»,- ասաց նա։