Արմեն Չարչյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն ԱՐմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:

«Ձայնագրության մասով ուզում եմ նշել, որ ՀՔԾ-ի համար հիմք է հանդիսացել հանց այդ ձայնագրությունը: Բայց պետք է հասկանալ, թե ինչպես է այդ ձայնագրությունն ի հայտ եկել: Մեղադրանքում դրված է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված ձայնագրությունը: Մենք այստեղ գործ ունենք չհրապարակված աղբյուրի կողմից հրապարակված ձայնագրության հետ: Քրեական դատավարության տեսությունում անհայտ աղբյուրի կողմից հրապարակված ցանկացած փաստարկ կամ տվյալ հավասար է անոնիմ հաղորդմանը: Իսկ Անոնիմ հաղորդումը չի հանդիսանում որպես քրգործ հարուցելու օրինական առիթ:

Սովորաբար նման հաղորդումների դեպքում դրանք չեն անտեսվում, անում են ստուգողական գործողություններ եւ միայն դրանից հետո, եթե հաստատվում են հանցագործության հատկանիշները, քրգործ հարուցելու առիթ է հանդիսանում ստուգողական գործողությունների արդյունքը, բայց ոչ անոնիմ հաղորդումը:

Հետեւաբար Արմեն Չարչյանի նկատմամբ չէր կարող ոչ միայն քրեական հետապնդում իրականացվել, այլեւ չենք կարող խոսել օրինական քրգործի հարուցման մասին»,- ասաց փաստաբանը:

Նա նկատեց, որ դատարանը Արմեն Չարչյանին ազատ արձակելու իր որոշման հիմքում դրել է այն, որ բացակայում է ձերբակալման հիմնավոր կասկածը. «Դատարանը եւս համարել է, որ դա հավասարազոր է անոնիմ հաղորդման, հետեւաբար դրա հիման վրա անձի ազատությունը չէր կարող սահմանափակվել:

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, շատ շուտ պարոն Չարչյանը ձեռք է բերելու արդարացվածի կարգավիճակ եւ այս խայտառակ հետապնդմանը վերջ կտրվի»:

Էրիկ Ալեքսանյանը նաեւ նկատեց, որ նախաքննական մարմինը ձայնագրության փորձաքննության է ուղարկել՝ համոզվելու համար, որ այնտեղ խոսացողը Արմեն չարչյանն է, այսինքն իրենք եւս կասկածներ են ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մամուլում տարածվել էր ձայնագրություն Արմեն Չարյանի կողմից իրեն իր ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: Այդ առիթով ՀՔԾ-ում հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Արմեն Չարչյանն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել էր: