Թուրքական անօդաչուները կուժգնացնեն Ուկրաինայի «ռազմական հզորությունը»: Այդ մասին Անթալյայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, հաղորդում է Sabah-ը:

«Ռազմավարական առումով մենք ցանկանում ենք երկու բան. մենք ցանկանում ենք, որ թուրքական դրոնները համալրված լինեն ուկրաինական շարժիչներով, եւ մենք ցանկանում ենք տեղայնացնել դրոնների արտադրությունն Ուկրաինայում»,-նշել է նա:

2019 թվականին Ուկրաինան ձեռք է բերել Թուրքիայից վեց Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարք եւ կառավարման ցամաքային կայանների երեք համակարգ: 2021 թվականին երկիրը մտադիր է ձեռք բերել եւս հինգ Bayraktar TB2 ԱԹՍ:

«Ռուսաստանը շարունակւոմ է ջանքեր գործադրել, որ համոզի երկրներին զենք չվաճառել Ուկրաինային, քանի որ Ռուսաստանը ցանկանում է տեսնել թույլ Ուկրաինա: Դրոններն անհրաժեշտ է Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի Մոսկվան երկու անգամ մտածի նախքան էսկալացիա կամ Ուկրաինայի վրա խոշորամասշտաբ հարձակում ծրագրելը: Դա վերաբերում է ոչ միայն դրոններին, այլ նաեւ ցանկացած այլ տեխնիկային, որն Ուկրաինան ձեռք է բերում: Մենք գնում ենք անօդաչուները ոչ թե հարձակման, այլ պաշտպանվելու համար»,-նշել է Կուլեբան՝ հայտարարելով, որ Կիեւը կօգտագործի դրանք «ուկրաինական տարածքի ցանկացած մասում պաշտպանության համար»: