Միացյալ Նահանգները մտել էին Աֆղանստան, որպեսզի պայքարեն ծայրահեղականության դեմ եւ կայունություն բերեն պատերազմից խոշտանգված երկրում, եւ հեռանում են շուրջ 20 տարի անց՝ երկու ուղղություններում էլ ձախողվելով: Այդ մասին Associated Press -ին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը:

Նրա խոսքով՝ ծայրահեղականությունը գագաթնակետին է հասել, իսկ (ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի) հեռացող զորքերն իրենցից հետո աղետ են թողնում:

«Միջազգային հանրությունը եկել էր այստեղ 20 տարի առաջ ծայրահեղականության դեմ պայքարելու եւ կայունություն ապահովելու հստակ նպատակով, սակայն այսօր ծայրահեղականությունը գտնվում է գագաթնակետին: Այնպես որ նրանք ձախողվել են»,-ասել է նա: Նրանց ժառանգությունը պատերազմից ավերված ազգն է, որը գտնվում է «լիարժեք աղետի վիճակում»:

«Մենք, աֆղանցիներս, խոստովանում ենք մեր անհաջողությունները, սակայն ի՞նչ ասենք ավելի խոշոր ուժերի եւ տերությունների մասին, որոնք եկել են այստեղ որոշակի նպատակներով: Ո՞ւմ վրա են նրանք մեզ թողնում: Լիարժեք խայտառակություն եւ աղետ է»: