ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում եւ կենտրոնական մարմնում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերեւույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել եւ նախապատրաստվել է 66 նյութ, ինչպես նաեւ ստացվել է 2 քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշված 68 դեպքերից 48-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ եւ 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն եւ տեղամասային կենտրոնում եւ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում եւ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն եւ իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու եւ տեղամասային կենտրոնում եւ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու եւ իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են  նախապատրաստվում: