Ես պատրաստ չեմ այս պահին պատասխանել հարցին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են զարգանալու Վրաստանի հետ հարաբերությունները, եւ ինչպես է նա վերաբերվում «վեցի պլատֆորմին», որն առաջարկվել է որպես տարածաշրջանում առկա խնդիրների լուծում:

«Այս հարցի պատասխանը կլինի ավելի ուշ: Դեռ ժամանակը չէ», - նշեց նա:

Սիմոնյանի խոսքով՝ նրան այս պահին ավելի շատ հետաքրքրում է անվտանգությունը, ինչպես նաեւ ընտրություններից հետո ձեւավորված նոր ներքաղաքական իրավիճակը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր Հարավային Կովկասում «վեցի պլատֆորմի» (Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, Իրան եւ Վրաստան) ստեղծման գաղափարի քննարկումների մասին: