Հարավաֆրիկյան կառավարությունը հավաստիացնում է, որ անցած ամիս Քվալաթի գյուղում գտնված եւ իրարանցում առաջացրած քարերը ադամանդ չէին, այլ կվարց, գրում է BBC News-ը։

Հովիվն առաջին անգամ այդ քարերը գտել էր ՔվաԶուլու Նաթալ գավառում։ Դա հազարավոր մարդկանց ուղղորդել էր դեպի Քվալաթի գյուղ՝ քանկարժեք քարեր գտնելու հույսով։ Բայց պեղումներից հետո պաշտոնյաները հայտարարել էին, որ քարերը կվարցի բյուրեղներ են, որոնք շատ ավելի էժան են ադամանդներից։ Կառավարությունը մարդկանց կոչ է արել դադարեցնել որոնումները, որովհետեւ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանումը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։

Հայտարարությունը հուսահատեցրել է համայնքներին, որոնք հույս ունեին այդ կերպ դուրս գալ աղքատության ճիրաններից։ Երկրում, որն արդեն տառապում է տտեսական անհավասարության բարձր մակադակից, նկատվում է գործազրկության բուռն աճ կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին։