Ազատամարտիկ Արթուր Այվազյանը, որն ավելի հայտնի է «Մանախ» մականունով, երեկ՝ երեկոյան, բերման է ենթարկվել, որից հետո ձերբակալվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Արա Զաքարյանը:

«Ձերբակալելու ոչ մի պատճառ չեն հայտնում, միայն ասում են՝ խուլիգանություն կատարելու համար, բայց ինչ խուլիգանություն, երբ, որտեղ, որեւիցե տեղեկություն մեզ չեն հայտնում»,- ասաց նա։

Փաստաբանը հայտնեց, որ Այվազյանն անժամկետ հացադուլ է հայտարարել. «Այվազյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Վարչապետի խոստացված այն մուրճը, որը շուտով գործի են դնելու, սկսվեց Արթուր Այվազյանից»։

Արա Զաքարյանն ասաց, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոք է ներկայացրել դատարան։