Կրեմլը հետեւում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին եւ ցանկանում է, որպեսզի ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագիծ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Կրեմլը տեսնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզված հաղթանակն ընտրություններում եւ շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առիթով։

«Մենք ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ այս ընտրությունները կայացել են։ Եվ իհարկե, մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը։ Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության առիթով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչն ի պատասխան այն հարցի, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանում ընտրությունների արդյունքները եւ ինչպիսի՞ն է տրամադրվածությունը Երեւանի հետ փոխգործակցելու հարցում։

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերն է:

«Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի հայ ժողովրդի այս ընտրությունն օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք այժմ ապրում է երկիրը, եւ դուրս գալ կայուն զարգացման ուղու վրա, այդ թվում`  Ռուսատսանի նախագահի անմիջական մասնակցությամբ ձեռք բերված եւ ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացման միջոցով»,- մեջբերում է Պեսկովին «ՌԻԱ Նովոստի»-ն: