«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունիսի 21–ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը՝ դեռ չմեկնաբանելով ընտրությունների արդյունքները եւ ԼՀԿ–ի խորհրդարան չանցնելը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համար շատ կարեւոր է քաղաքացու որոշումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը պատգամավորը պայմանավորում է քաղաքացիների՝ նախկիններին մերժելու, եւ ոչ թե գործող իշխանություններին ընտրելու հանգամանքով։

«Մենք ասել էինք, որ եթե նախկին իշխանությունները այդպես ակտիվ քարոզչություն անեն, քաղաքացիները գնալու են եւ ընտրեն գործող իշխանություններին, դա հստակ էր։ Եթե նախկինները իրոք պայքարում էին ներկա իշխանությունների դեմ, իրենք պիտի ընդհանրապես  չառաջադրվեին, բայց հիմա անհասկանալի վիճակ է, այդքան ասելուց հետո իրենք այսպես արեցին. արդյո՞ք միտում կար, որպեսզի վերարտադրվեր այս իշխանությունը, թե ինչ, մի քիչ անհասկանալի է։ Քաղաքացիները դեռեւս գնում են մերժելու նախկիններին, եւ ոչ թե գործող իշխանություններին ընտրելու»,– ասաց Գրիգորյանը։

Ըստ պատգամավորի՝ ԼՀԿ–ին եւ մնացյալ քաղաքական ուժերին  այդպես էլ չհաջողվեց երրորդ բեւեռ ձեւավորել։ «Լուսավոր Հայաստանն» այս ընտրություններին համերաշխություն էր քարոզում, սակայն ինչպես վկայում են ընտրության արդյունքները՝ դա հաջողություն չբերեց իրենց:

«Համերաշխության պահանջը, ցավոք, քաղաքացիների մոտ ստորադասվեց նախկինների դեմ պայքարի պահանջին, որովհետեւ իրենց համար կարեւոր էր ամեն ինչ անել, որ նախկինները չգան։ Գուցե սպասեցին, որ համերաշխությունը հաջորդ փուլում կլինի, բայց պայքարը դարձյալ նախկիններին իշխանության չթողնելն էր։ Մենք դա տեսանք «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների դեպքում, չնայած նրան, որ այդ ուժերը լավ աշխատել էին, մեծ ջանքեր էին ներդրել, բայց իրենց գրանցած արդյունքները փոքր էին, այդ ընդդիմադիր բեւեռները պարտվեցին»,– նշեց Սրբուհի Գրիգորյանը։

Պատգամավորն ընդգծում է՝ խորհրդարան անցնելու հնարավորությունը տեսնում էին,  դեռ շատ ծրագրեր ունեին, որոնք պետք է ավարտին հասցնեին։

«Այս պարագայում պարզ է, որ դադար կվերցնենք, հասկանալու՝ ինչ կլինի։ Այս պահին ընտրությունների վիճարկման հարց չենք քննարկել։ Ընտրությունները նորմալ են անցել, շատ ցցուն խախտումներ չեն արձանագրվել։ Սյունիքում, որտեղ  ես պետք է ընտրեի, բավական հերթ էր, այդ ընթացքում հետեւել եմ գործընթացներին եւ կարող  եմ ասել, որ ընտրությունը նորմալ անցել է։ Խնդիր կար ընտրական «տասովչիկների» հետ կապված. մեր տեղամասում տեսա, որ այդ տեղամասի չընտրող քաղաքացին եկել էր եւ դարպասներից ներս՝ ներկա–բացակա էր  անում, նման խնդիրներ եղել են, բայց եթե քաղաքացին չուզեր՝ ինքը չէր ընտրելու, որովհետեւ հանձնաժողովի ներսում վերահսկողություն չկար, չէին կարող իմանալ՝ ով ում է ընտրել եւ այլն։ Մենք ասում էինք՝ այլընտրանք կա, բայց եթե քաղաքացիներն ուզում են ճնշված ապրել, կռացած ապրել, մենք չենք կարող միանգամից մեծ ծավալով փոփոխություն անել, հնարավորինս փոխել ենք, քաղաքական նոր մշակույթ ենք մտցրել, մի քիչ ազատություն կա ընտրելու հետ կապված, բայց նեղ միջավայրերում օրինակ՝ համայնքի ղեկավարին, իրենց պատգամավորներին, դեռեւս լավություն անելու սինդրոմը պահպանվում է, եւ մարդիկ դրանով են առաջնորդվում ընտրություն անելիս»,– եզրափակեց Սրբուհի Գրիգորյանը։