Հանրապետություն կուսակցությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր վստահել և իրենց քվեն տվել են Հանրապետությանը: Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։ Ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հանրապետությունը շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։

Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը:

Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։

Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։

Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման Ազգային ժողովին»:

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններում ստացել է 3,04 տոկոս ձայն եւ չի հաղթահարել նվազագույն շեմը (5 տոկոս):