Ընտրություններն անցան մրցակցային եւ լավ կազմակերպված միջավայրում, հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվում էին: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Քարի Հենրիքսենը:

Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ծայրաստիճան բեւեռացում կար, եւ նաև բացասական գործոն է այն, որ ընտրություններն անձնավորված էին:

«Կանանց դերը բավականին ակտիվ էր, ինչին նպաստեցին նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Մեր առաջարկներից շատերն իրականացվել են, մասնավորապես՝ կանանց ներգրավվածության մասով»,- ընդգծեց Քարի Հենրիքսենը:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գիորգի Կատրուգալոսը նույնպես դրական գնահատեց ընտրությունների կազմակերպումը:

«Ընտրատեղամասերում մենք տեսանք աննշան տեխնիկական խախտումները. դրանց մի մասը գերծանրաբեռնված էր, իսկ որոշներում ապահովված չէր հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիությունը: Իշխանությունների կողմից խախտումների մասին արձանագրություններ են կազմվել, բայց այդ ամենը, որպես ամբողջություն, կասկածի տակ չի դնում ընտրությունների ժողովրդավարական բնույթը եւ սահմանադրականությունը: Եթե ​​պետությունը ժողովրդավարական է, ապա բոլոր լիազոր մարմինները պետք է լինեն հետեւողական եւ ուսումնասիրեն բոլոր դիմումները ու բողոքները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքում նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը), «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը:

Նշենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում, ինչպես նաեւ ընտրությունների օրը բազմաթիվ ազդանշաններ եղան տարբեր կազմակերպությունների եւ քաղաքացիների կողմից, այդ թվում՝ միջազգային դիտորդներին ուղղված, ովքեր կոչ էին անում արձագանքել եւ միջանկյալ գնահատականներ տալ: