Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին զանգվածային հաշվեհարդարների մասին մեղադրանքների ֆոնին ասել է, որ ինքը միշտ պաշտպանել եւ պաշտպանելու է մարդու իրավունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Որոշ իրավապաշտպաններ Ռաիսիին մեղադրում են բռնի անհետացումների եւ իրանական բանտերում 1988 թվականին իրականացված գաղտնի արտադատարանական ​​մասսայական մահապատիժների մեջ:

Ռաիսին խոստացել է նաեւ Իրանի նախագահի պաշտոնում ամեն ինչ անել, որպեսզի մարդու իրավունքները հարգվեն:

«Իմ գործունեության սկզբից ի վեր ես, որպես իրավապաշտպան, միշտ պաշտպանել եմ մարդկանց իրավունքները: Մարդու իրավունքներն ամենակարեւոր կետն են, որին ես միշտ հավատարիմ եմ մնացել իմ ամբողջ գործունեության ընթացքում... այն ամենը, ինչ ես արել եմ իմ գործունեության ընթացքում, կապված է եղել մարդու իրավունքների պաշտպանության հետ»,- ասել է Ռաիսին իր առաջին ասուլիսի ժամանակ:

Իրանի նորընտիր նախագահի խոսքով՝ մարդու իրավունքները խախտող բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ իրական իրավապաշտպանները՝ խրախուսվեն:

Իրանում կայացած նախագահական վերջին ընտրություններում հաղթեց դատական ​​իշխանության ղեկավար Ռաիսին՝ հավաքելով ձայների 61.9 տոկոսը՝ 17.9 միլիոն 28.9 միլիոն քվեարկածներից: Ռաիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը: