Մինչեւ 2021 թվականի ավարտը գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ համաձայնագիր կպատրաստվի եւ կուղարկվի ԵԱՏՄ երկրներ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեկ այլ շատ լուրջ համաձայնագիր, որի շուրջ ներկայումս աշխատում է հանձնաժողովը, գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծն է: Թեման քննարկվում է ավելի քան մեկ տարի, եւ մենք խնդիր ենք դրել, որ փաստաթուղթն այս տարի  պատրաստվի եւ ուղարկվի երկրներ՝ ներքին ընթացակարգերի իրականացման համար»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները պետք է միջազգային պայմանագիր կնքեն նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի վերաբերյալ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը: «Ինչ վերաբերում է մեկ այլ միջազգային պայմանագրին, որի մշակման անհրաժեշտության մասին մենք այսօր որոշում կայացրեցինք կոլեգիայում, դա միջազգային պայմանագիրն է նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ այս միջազգային պայմանագիրը ստորագրվի մինչ 2023 թվականի հունվարի 1-ը»,- ասել է ԵՏՀ ղեկավարը: