Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կիպրոսի հյուսիսային գրավյալ տարածքում դրոնների բազա ստեղծելու եւ Ֆամագուստա քաղաքի նախկին հանգստավայր Վարոշայի հետագա վերականգնման Անկարայի գործողությունները «սպառնալիք» է անվանել: Այս մասին Միցոտակիսը հայտարարել է երկուշաբթի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ Կահիրեի նախագահական պալատում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությանը (AMNA):

«Մենք նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ կիսում ենք Կիպրոսի շարունակական դժվարությունների վերաբերյալ նույն տեսլականը, որի հետ մեր երկու երկրները կապված են եռակողմ համագործակցության շրջանակներում,- ասել է Միցոտակիսը,- Եգիպտոսը, եւ դա կրկնեց այսօր նախագահը, վճռականորեն աջակցում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերին: Իր հերթին, ես առիթ ունեցա մեկ անգամ եւս շեշտելու, որ [Կիպրոսի կարգավորման վերաբերյալ] լուծում չկա, բացառությամբ այն պարտադիր շրջանակի, որը նախատեսված է այս բանաձեւերով, այսինքն՝ [կղզում ստեղծել] երկգոտի, երկհամայնքային ֆեդերացիա: Մեկ ինքնիշխանությամբ, մեկ քաղաքացիությամբ եւ մեկ միջազգային իրավասուբյեկտայնությամբ»: Վարչապետի խոսքով՝ նման որոշումը պետք է համատեղելի լինի Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու հետ:

«Կիպրոսում երկու պետությունների մասին պնդումները բացառվում են, քանի որ դրանք հակասում են ինչպես Անվտանգության խորհրդի որոշումներին, այնպես էլ բուն եվրոպական օրենքներին: Հատկապես, երբ դա ուղեկցվում է սպառնացող գործողություններով, ինչպիսին է Վարոշայի շրջանի հետագա բացումը եւ գրավյալ Լեֆկոնիկոյում անօդաչու ինքնաթիռների բազաներ ստեղծելու ծրագրերը»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը:

Մինչեւ 1974 թվականը Ֆամագուստան համարվում էր Կիպրոսի գլխավոր հանգստավայրը, որը կոչվում էր «միջերկրածովյան Լաս Վեգաս», եւ որտեղ հաճախ էին այցելում հոլիվուդյան աստղերը: Բայց 47 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից հետո, երբ թուրքական բանակը ներխուժեց Կիպրոս, որտեղ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, որը կազմակերպել էին կղզին Հունաստանին միացնելու կողմնակիցները, քաղաքի գլխավոր առողջարանային շրջանի՝ Վարոշայի ճակատագիրը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների: Ֆամագուստայի հունական համայնքի 26 000 ներկայացուցիչներին, որոնք կազմում էին նրա բնակիչների բացարձակ մեծամասնությունը, եւ նրանց զգալի մասը ապրում էր Վարոշայում, հրամայվեց լքել քաղաքը 24 ժամվա ընթացքում եւ միայն այն իրերով, որոնք նրանք կարող էին վերցնել իրենց հետ: Բայց եթե Ֆամագուստայի մեծ մասում ապրում էին այնտեղ մնացած կիպրոսցի թուրքերը, ինչպես նաեւ Թուրքիայից ներգաղթյալները, ապա Վարոշան, որը գտնվում էր քաղաքի պատմական մասից հարավ, վերջնականապես դատարկվել էր՝ պաշտոնապես ընկնելով ՄԱԿ-ի բուֆերային գոտի, բայց փաստացի հայտնվելով թուրքական զորքերի վերահսկողության տակ:

2020 թվականի հոկտեմբերի 8-ին կիպրոսցի թուրք իշխանությունները Անկարայի աջակցությամբ Վարոշան բացեցին Կիպրոսի ինքնահռչակ պետության տարածքից ընդհանուր մուտքի համար, իսկ նոյեմբերի 15-ին Կիպրոսի հյուսիսում գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելեց Վարոշա, ՀԿԹՀ անկախության հռչակման 37-րդ տարեդարձի կապակցությամբ: