ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 21-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնում։

Նշենք, որ հանրահավաքը պետք է մեկնարկեր ժամը 20։00-ին, սակայն այն մոտ կես ժամ ուշացումով սկսվեց։ Ըստ Փաշինյանի՝ այսօր պետք է պողպատե մանդատի փոխանցումը տեղի ունենա։

Փաշինյանը ժամանեց հրապարակ ընտանիքի և թիմակիցների հետ։

Ելույթ ունեցողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին։

ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումներին՝ դրանք վերագրելով նախկիններին. «Մենք խոսել ենք, որ հունիսի 20-ից հետո կգնանք այդ մարդկանց հետևից։ Դա նախընտրական խոստում չէր, դա ՀՀ քաղաքացու իրավունքի վերականգնման մասին էր։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների վերականգնմամբ»,- հայտարարեց Պապիկյանը։

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Լոռիում, Տավուշի մարզում, Գեղարքունիքում, նույնիսկ Կոտայքի մարզում, եւ Երեւան մայրաքաղաքում:

«Ես հույս ունեմ, որ մենք այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ի Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հաղթահարված է եւ մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի»,-ասաց նա:

Նա նաեւ կոչ արեց վերջ դնել հայհոյախոսությանը, քանի որ Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում:

Նիկոլ Փաշինյանը նաեւ կոչ արեց անհապաղ սկսել բանակցություններ` «գողացածը» վերադարձնելու համար, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգին:

«Կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել» ,- ասաց Փաշինյանը։

Նա նաեւ հայտարարեց, որ վաղվանից քաղաքական խոսակցություններ է սկսելու այն ուժերի հետ, որոնք երկխոսելու հակվածություն ունեն:

Փաշինյանը Հրապարակից կոչով դիմեց նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին:

«Ես կոչով դիմում եմ նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանական ընտրություններում՝ ես դեռ իմ նախընտրական հանդիպումներից մեկում էի ասել, «ձայն բազմաց՝ ձայն Աստծո», և Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի: Մենք պետք է նորոգենք հոգեւոր կյանքը նույնպես»,- հայտարարեց Փաշինյանը՝ հայտնելով մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես պետք է նորոգել։

Նա նորից հավելեց, որ Հայստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է եւ ավարտված եւ իրենք վերադառնում են Հայաստանը նորովի կառուցելուն, Արցախի ժողովրչդին զորավիգ լինելուն: