Կարծում ենք, որ ամբողջ գործընթացը պետք է ընթանա օրինական ճանապարհով: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մտադիր է մարդկանց փողոց դուրս հանել:

«Մենք ընտրություններից անմիջապես հետո մարդկանց փողոց դուրս չհանեցինք: Կարծում ենք, որ ամբողջ գործընթացը պետք է ընթանա օրինական ճանապարհով: Ի՞նչ ենք ուզում ՍԴ-ից. ես հիմա ծանոթ չեմ խախտումների ամբողջ փաթեթին: Սակայն ակնհայտ է, որ վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործում կար, որպեսզի թույլ չտանք մեզ ընտրությունների օրը կազմակերպել մեր գործողությունները: Ամեն դեպքում անհրաժեշտ է խախտումներ ֆիքսել՝ անկախ ՍԴ որոշումից: Դա պետք է մեզ բոլորիս, մեր երկրին: Անհրաժեշտության դեպքում մենք կպահանջենք նաեւ ձայների վերահաշվարկ»,- ասաց Քոչարյանը:

Բողոքի ցույցերի մասով դաշինքի առաջնորդն ընդգծեց, որ «դաշինքի առաջին հանրահավաքից Օպերայում օրակարգը թելադրում ենք մենք, ոչ թե իշխանությունները: Մենք մտադիր ենք շարունակել օրակարգ թելադրել: Դա նշանակում է, որ վարքագիծը կլինի պրոակտիվ,  այլ ոչ թե ռեակտիվ: Մենք ինքներս  ենք մշակելու մեր գործողությունները, սինքրոնացնելու ենք խորհրդարանում եւ փողոցում: Ռեակտիվ վարքագիծը կարող է լինել միայն որպես պատասխան տեղական իրադարձություններին: Կլինի ծրագրային շարժ դեպի առաջ»: