Եթե ընդունեի առաջին նախագահի առաջարկը, «նախկինների» գործոնն էլ ավելի կընդգծվեր։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 22-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այլ կլիներ իրավիճակը, եթե նա ընդուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը երեք նախկին նախագահների միավորման մասին։

«Չեմ կարծում, թե ձեզանից որեւէ մեկը մի քանի ամիս առաջ կարող էր ենթադրել, որ կարող է այսպիսի դաշինք լինել եւ այն կգլխավորեմ ես ու այսքան ձայն կհավաքենք։ Դա նշանակում է, որ առասպելները, որոնք իշխանությունը փորձում էր ստեղծել իմ շուրջ, կցնդեն։ Էլի մի քիչ ժամանակ, եւ պատկերը այլ կլիներ»,- նշել է Քոչարյանը։ Նախկին նախագահն ավելացրել է, որ իր տպավորությամբ՝ վարչապետի հանդիպումները ե՛ւ փոքրաթիվ էին, ե՛ւ էներգետիկան էր ավելի քիչ։

Խոսելով իշխանությունների երեկվա հանրահավաքի ու տարատեսակ կոչերի մասին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունը լիովին կորցրել է վստահության ռեսուրսը։ «Եթե նրանք իրականում մտադիր են փոխել ներքաղաքական մթնոլորտը, պետք է գործերով, աշխատանքով ցույց տան, որ դա բլեֆ ու խաբեություն չէ։ Զրոյական վստահություն այն ամենի հանդեպ, ինչ ասում են»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դաշինքը կվերցնի, թե՞ ոչ պատգամավորական մանդատները, Քոչարյանն ընդգծել է, որ համոզված է մանդատները վերցնելու անհրաժեշտության մեջ, դրանով իսկ ուժեղացնել դիրքերը, ստանալ պայքարի լրացուցիչ լծակներ։ «Ընտրազանգվածի մի մասի հուզական ռեակցիան է արդյունքներին։ Պետք է համբերատար բացատրել, թե ինչու ենք մենք դա անում»,- շարունակել է դաշինքի առաջնորդը։ Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ իշխանությունները գնալու են նախկին կուրսով՝ սկսելու են վենդետաների նոր շարք, ընդ որում՝ այն կիջնի համայնքների ղեկավարների մակարդակին եւ կվերաբերի բոլորին, ովքեր ներգրավված են եղել «Հայաստան» դաշինքի շտաբների աշխատանքում։ «Նրանք տիպաժով այլ են... ԴՆԹ-ով, մարդկանց բիոքիմիայով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։